ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Երևանի ավագանու ընտրությունների ինտրիգը

Երևանի ավագանու ընտրությունների ինտրիգը
05.04.2013 | 03:01

«ՕԵԿ-Ն ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ»

ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր)

-Ձեր կարգախոսն է` «Մենք կարող ենք ավելին»: Ի՞նչ կարող է ՕԵԿ-ն ավելի անել, որը չի արվում:
-Կարգախոսը կբացատրենք քարոզարշավը սկսելուց հետո: Ապրիլի յոթից Դուք Ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Հիմա մի փոքր շուտ է փակագծերը բացելու համար: Ամեն ինչ` քարոզարշավի ընթացքում:
-Այդուհանդերձ, ըստ Ձեզ, ի՞նչ է պատրաստվում «ավելի» անել ՕԵԿ-ը:
-Մեր համամասնական ցուցակում գտնվող անձինք, ի դեմս Արմեն Երիցյանի, այդ մասին կասեն: Ամեն ինչ կասեն:
-Հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Կազմակերպական հարցերով: Նախընտրական ծրագիրը պատրաստ է, տպարանում է, շուտով կլինի: Ապրիլի յոթին կլինի նախընտրական ծրագրի շնորհանդեսը, որից հետո Երևանի տարբեր շրջաններում կսկսենք հանդիպումները քաղաքացիների հետ:
-Դուք ՀՀԿ-ի հավատարիմ, «բարոյական» կոալիցիոն գործընկերն եք, ինչո՞ւ առանձին հանդես եկաք ու չպաշտպանեցիք նրանց թեկնածուին:
-Դուք մոռանում եք, որ մենք առանձին քաղաքական ուժ ենք և իրավունք ունենք ինքներս որոշելու մեր ռազմավարությունը, մեր ապագան: Մենք մեր որոշումներում ազատ ենք ու որևէ մեկից կախված չենք:
-Այս առաջադրումը նշանակո՞ւմ է, որ նաև վերապահումներ ունեք այս քաղաքապետի աշխատանքի հետ կապված:
-Քաղաքական գործընթացներն արագ փոփոխվում են, ու ընդհանրապես կյանքն արագ զարգանում է: Յուրաքանչյուր ուժ պետք է իր դիրքորոշումը հայտնի քաղաքական գործընթացների առնչությամբ: ՕԵԿ-ն իրավունք չուներ չմասնակցելու այս ընտրություններին, որովհետև մենք շատ ենք կարևորում մայրաքաղաքը:
-ՕԵԿ թեկնածուի համար ո՞վ է հիմնական մրցակիցը:
-Կարծում եմ` հիմնական մրցակցությունը լինելու է Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի միջև:
-Ի դեպ, խոսակցություններ կան, թե ՕԵԿ-ն այս ընտրություններին մասնակցում է ՀՀԿ-ի «ցուցումով», քանի որ իրենք ուզում են հասկանալ` Երևանում քանի՞ տոկոս ձայն ունի ՕԵԿ-ը:
-Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Կրկնեմ` ՕԵԿ-ն առանձին քաղաքական ուժ է ու ինքն է որոշում իր անելիքը: Դրանում համոզված եղեք:
-Եթե ՕԵԿ-ը հաղթի, Արմեն Երիցյանը քաղաքապետ կդառնա՞, թե՞ կվերադառնա նախարարություն:
-Եթե ինքը հաղթի, ամենայն հավանականությամբ, կդառնա քաղաքապետ:
-Ձեր հնարավորությունները որքա՞ն եք գնահատում:
-Բավականին մեծ:


«ԵՍ ՆԱՐՑԻՍ ՉԵՄ»
ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆ (Երևանի քաղաքապետի տեղակալ)

-Նախընտրական շրջան է շուտով: Տարոն Մարգարյանը թեկնածու է, ի՞նչ ռեժիմով է աշխատում քաղաքապետարանը:
-Քաղաքապետարանն աշխատում է տարեկան ծրագրով, բնականոն հունով, ունենք հաստատված համայնքային բյուջե` իր ծախսային ուղղություններով: Ամբողջ թիմով լծված ենք մեր տարեկան ծրագրերի իրականացման գործին:
-Տարոն Մարգարյանի թեկնածու լինելն այդ ամենին «չի՞ խանգարում»:
-Ոչ:
-Քաղաքապետարանի «հնարավորությունները». քարոզչական ռեսուրսը չե՞ն օգտագործում:
-Ոչ, քաղաքապետը երբեք իր վարչական ռեսուրսը չի օգտագործում: Նույն հետևողականությամբ իր թիմի հետ լծված է քաղաքային տարեկան ծրագրերն իրականացնելուն: Մարգարյանի համար կապ չունի` հետընտրական, թե նախընտրական ծրագրեր են, մեր բնակիչների շահերին ծառայող ծրագրերն առաջնային են:
-Տարոն Մարգարյանի համար ո՞վ է հիմնական մրցակիցը:
-Հարգում ենք բոլորին, նրանց հանդեպ ունենք նորմալ վերաբերմունք:
-Տեղեկություններ կան, թե ընտրություններից հետո Դուք Ձեր զբաղեցրած պաշտոնից հրաժարական եք տալու: Այդ իսկ պատճառով վերջերս խիստ մտահոգ եք: Այդպե՞ս է:
-Նման տեղեկության նախ չեմ տիրապետում, ո՛չ ականջովս եմ լսել, ո՛չ էլ աչքովս եմ տեսել: Կձևավորվի Երևանի ավագանին, ըստ այդմ էլ ավագանին կնշանակի տեղակալների: Հավանականությունների տեսությամբ տառապել պետք չէ: Պետք է շարունակել աշխատել:
-Դուք այնքան երկա՜ր եք Երևանի քաղաքապետարանում, որ դժվար է պատկերացնել, թե երբևէ այնտեղից կհեռանաք:
-Թույլ տվեք մինչև վերջ անկեղծ լինել: Երբեք ու երբեք չեմ տառապել ինքնասիրահարվածությամբ և անփոխարինելի լինելու հիվանդությամբ: Ես նարցիս չեմ: Շատ առողջ եմ այդ առումով: Անփոխարինելի մարդ չկա, լավից լավը կա, վատից վատը: Այնպես որ, աշխատանք է, կատարում եմ հանուն իմ երկրի, մայրաքաղաքի, բնակչի, որից թանկ բան ինձ համար, որպես հայի, գոյություն չունի:
-Այսինքն, Ձեզ տեսնում եք միայն Երևանում և երևանցիների խնդիրների տիրույթում, ասել է` քաղաքապետարանում:
-Ոչ, որտեղ կյանքը «կտանի»: Որտեղ էլ լինեմ, ծառայելու եմ իմ հայրենիքին: Երբեք վերաբերմունքս չի փոխվելու: Անպաշտոն, անգործ էլ լինեմ, էլի ծառայելու եմ իմ երկրին: Ապրում ենք մեր հայրենիքի համար: Անփոխարինելի չեմ: Մինչև այսօր սովորում եմ, ամեն օր բոլորից սովորում եմ: Սա հայեցողական պաշտոն է, իմ պարտքն եմ կատարում երկրի առջև` առանց ավելորդ ամբիցիաների, առանց ավելորդ անհամեստության:


Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ